ԵԱՏՄ առանցքային տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում ապրել, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին կանխատեսման համաձայն՝ 2015-ը միությունը կփակի 2,4 տոկոս տնտեսական անկումով: Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ԵԱՏՄ չորս երկրների արդյունաբերական արտադրանքը կրճատվել է 5,1 տոկոսով, որ վատագույն ցուցանիշն է տարվա սկզբից: ԵԱՏՄ ներքին առևտուրը մայիսին՝ 2014-ի մայիսի համեմատ, կրճատվել է 23,7 տոկոսով, իսկ արտաքինը՝ 35 տոկոսով: Երևանում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականությանը վերաբերող համաժողովին: «Կարծում եմ, նախորդ տարվա մակարդակը կունենա, հնարավոր է աճ գրանցի Ղազախստանը՝ 1-2 տոկոս: Անցած տարվա համեմատ, Բելառուսում է անկում՝ 2-3 տոկոս, Ռուսաստանը նույն վիճակում է: Այսօր հանդիպել եմ ձեր երկրի էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարների հետ, ձեզ մոտ, ընդհանուր առմամբ, վատ տեսլականներ չկան տնտեսության զարգացման վերաբերյալ»,- նշեց նա: